Երեկ նորվեգական Ստավանգեր քաղաքում մեկնարկել է շախմատային գերմրցաշարը, որը կավարտվի հունիսի 13-ին: Մասնակիցների մեջ են աշխարհի ուժեղագույն տասնյակը ներկայացնողներից յոթը՝ աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը, մեր հայրենակից Լևոն Արոնյանը, աշխարհի նախկին չեմպիոններ Վլադիմիր Կրամնիկն ու Վեսելին Տոպալովը, գրոսմայստերներ Ֆաբիանո Կարուանան, Ալեքսանդր Գրիշչուկը, Սերգեյ Կարյակինը, Պյոտր Սվիդլերը, աշխարհի ուժեղագույն պատանի շախմատիստ Անիշ Գիրին ու նորվեգացի Սիմեն Ագդեստեյնը, ով մրցաշարին մասնակցում է ոչ միայն տանտիրոջ, այլև հատուկ անցկացված մրցաշարում հաղթած մարզիկի իրավունքով:
Հայաստանյան չափանիշներով երեկ ուշ երեկոյան անցկացվել է կայծակնային մրցաշար, որի արդյունքով որոշվել է դասական մրցաշարում մասնակիցների դասավորությունը: Տեղեկացնենք, որ պարտիաները մեկնարկելու են Երևանի ժամանակով 17.30-ին:
Առհասարակ նշենք, որ ամիսը մասնավորապես մեր շախմատիստների համար հագեցած է մրցաշարերով: Այսպես՝ հունիսի մեկին բուլղարական Ալբենա քաղաքում մեկնարկել է «Եվրոպական մեծ գավաթը», որտեղ մասնակիցների թվում են օլիմպիական չեմպիոններ Վլադիմիր Հակոբյանն ու Տիգրան Պետրոսյանը, երիտասարդ գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը: Ինչ վերաբերում է կազանյան հուշամրցաշարին, այստեղ մրցելույթ է ունենում երիտասարդ գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը, ով կայծակնային մրցաշարում կես միավոր է զիջել հաղթողին, իսկ դասականում արդեն իսկ տոնել է անդրանիկ հաղթանակը:
Շախմատային թեման ավարտենք ևս մեկ լուրով: Հունիսի մեկին ՖԻԴԵ-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն շախմատիստների անհատական վարկանիշները: Աղյուսակը նախկինի պես գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը: Նրան հաջորդում է Լևոն Արոնյանը, ով նույնպես ունի 2800-ի սահմանը գերազանցող արդյունք՝ 2815:
Առանձին տեղափոխությունները չհաշված՝ ուժեղագույն տասնյակի կազմի մեջ փոփոխություններ չեն եղել: Ինչ վերաբերում է լավագույն հարյուրյակին, այստեղ են Չիկագոյի մրցաշարում հերթական անգամ հաղթանակ տոնած (9 հնարավորից՝ 7 միավոր) Գաբրիել Սարգսյանը (2686), Սերգեյ Մովսիսյանը (2672), Վլադիմիր Հակոբյանը (2667), Ֆրանսիայում բնակություն հաստատած Տիգրան Ղարամյանը, ԱՄՆ-ի վերջին առաջնությունում փոխչեմպիոն հռչակված Վարուժան Հակոբյանը: Հին ու բարի ավանդույթի ուժով կանանց առաջին հարյուրյակում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը: Նրանց են միացել Ֆրանսիան ներկայացնող Էլվիրա Սկրիպչենկո-Աղաբաբյանը, ԱՄՆ-ի 2014 թվականի փոխչեմպիոն Տաթև Աբրահամյանը:
Շախմատային Հայաստանը բավական հիմնովին է ներկայացված նաև պատանիների հարյուրյակում: Այստեղ են գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը, Ռոբերտ Աղասարյանը: Նրանց են միացել նաև «Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարի հաղթող Տիգրան Հարությունյանն ու չեմպիոնությունը նրան զիջած մոսկվաբնակ Դավիթ Պառավյանը:
Աղջիկների հարյուրյակում տեղ է գտել Մարիա Գևորգյանը: Նա այս ամիս մասնակցելու է աշխարհի ուժեղագույն աղջիկների մրցաշարին:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ